Միջազգային ասպարեզում նոր «հորիզոններ» են բացվում: Ռուս-թուրքական լարվածությանը զուգահեռ Թուրքիան զորք է մտցրել Իրաք: Սա ինչպիսի՞ զարգացում է «խոստանում»՝ հարցրինք ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ:
-Թուրքիայի՝ Իրաք զորք մտցնելն անմիջական կապ չունի ռուս-թուրքական հարաբերությունների հետ,- նշեց պատգամավորը:- Իրականում պատմությունը հուշում է, որ այն տարածքները (Իրաք, Սիրիա, Պաղեստին), որտեղ Թուրքիան գերակտիվություն է ցուցաբերում, մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը Օսմանյան կայսրության տիրապետության տակ են եղել: Փարիզի վեհաժողովում նոր աշխարհակարգ է սահմանվել, որով Օսմանյան կայսրությունը վերացել է, և Մերձավոր Արևելքի տարածքները դուրս են եկել Թուրքիայի վերահսկողությունից: Թուրքիան այսօր պարարտ հող է տեսնում տարածաշրջանում իր ազդեցությունը վերականգնելու համար: Մինչդեռ այս երկրի համար քրդական վտանգը դարձել է շատ իրատեսական: Համաշխարհային հանրությունը, առաջին հերթին ԱՄՆ-ը, քրդական պետություն ստեղծելու քաղաքականություն են վարում: Առաջին քայլն էլ արվել է՝ Հյուսիսային Իրաքում ստեղծվել է քրդական ինքնավարություն: Ի դեպ, Թուրքիան հենց այդ վայրում էլ տեղակայել է իր զորքը (100-200-հոգանոց ջոկատ):
-Փաստորեն, հակամարտության նոր օջա՞խ է ստեղծվում:
-Արդեն իսկ նման օջախ կար: Թուրքիան անընդհատ օդային հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքի քրդական ռազմականացված դիրքերին: Զորաջոկատ մտցնելը նշանակում է, որ եթե բարենպաստ պայմաններ առաջանան, իր դիրքերն ավելի կամրապնդի տարածաշրջանում: Առայժմ խորհրդանշական ներկայության մասին է խոսքը:
-Այս համատեքստում ռուս-թուրքական զարգացումներն ի՞նչ հեռանկար են ուրվագծում:
-Ռուս-թուրքական շփումներում այսօրվա իրավիճակը նոր չէ: Եթե պատմությանը տուրք տանք, ապա բազմաթիվ այսպիսի վիճակներ են առաջացել, որոնք հաճախ հանգեցրել են պատերազմների, երբեմն էլ միջազգային հանրության միջամտությամբ կոնֆլիկտը հարթվել է խաղաղ ճանապարհով: Սա հերթական սրացումն է: 20-րդ դարի երկրորդ կեսին և 21-րդի այս տասնհինգամյակում ռուս-թուրքական նման լարվածություն չէր եղել: Ավելին, բոլոր ոլորտներում ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացում էր նկատվում, մեծ ծրագրերի համատեղ իրականացում, էներգակիրների առքուվաճառք, տուրիզմ և այլն: Նաև քաղաքական հարաբերությունների բարելավում կար, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ռուսաստանը առաջին «վտանգն» է ՆԱՏՕ-ի համար: Սակայն այս ամենը ինչ-որ պահի պետք է ավարտվեր, ինչպես ժողովուրդն է ասում՝ «մի կաթսայում երկու գլուխ չի եփվի»: Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը Մերձավոր Արևելքում չեն կարող համատեղվել, նրանց խաղաղ գոյակցությունը որոշակի իրավիճակով է թելադրված: Հիմա տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահերի ակնհայտ բախում կա:
-Ինչպիսի՞ զարգացումներ կարելի է սպասել:
-Այսօր Ռուսաստանը բավականին հետաքրքիր և խոհեմ քաղաքականություն է վարում` Մերձավոր Արևելքում իր ռազմական ներկայությունն ապահովելով և ԻՊ-ի դեմ պայքարում վճռորոշ դեր ստանձնելով: Սրանով Ռուսաստանն ամբողջովին ոչնչացրեց թուրքական քաղաքականության հետապնդած նպատակները: ԻՊ-ի դեմ պայքարով էլ Ռուսաստանը վաստակեց համաշխարհային հանրության համակրանքը, և Թուրքիան ստիպված էր գնալ ծայրահեղ քայլի` արկածախնդրության: Սու-24-ի խոցումը պատահականություն չէր: Թուրքիան փորձեց Ռուսաստանին հանել հավասարակշռությունից, որպեսզի վերջինս պատասխան հարված հասցնի՝ մեկի փոխարեն երեք-չորս ինքնաթիռ խոցելով: Հաշվարկն այն էր, որ սրանով պետք է ՆԱՏՕ-ին հաներ Ռուսաստանի դեմ: Ռուսաստանը խոհեմաբար հրաժարվեց կոպիտ պատասխաններից` աշխարհին ցույց տալով, որ իր նպատակը ոչ թե Թուրքիային հարվածելն է, այլ ԻՊ-ի դեմ պայքարը: Անկարան այժմ հայտնվել է փակուղում, և Արևմուտքի որոշակի մակարդակներում շոշափվում է ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության նպատակահարմարության հարցը: Արդեն բավականին հայտնի վերլուծաբաններ և պարբերականներ այս մասին կանխատեսումներ են անում: Այս պահին Թուրքիան մտածելու շատ բան ունի, որովհետև քրդական հարցն անկասելի է, և մոտ ապագայում նա կորուստներ է ունենալու։
-Ռուսաստանը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է կիրառում` արգելելով թուրքական բանջարեղենի, մրգի ներմուծումն իր երկիր: Տնտեսական առումով սա Հայաստանին ի՞նչ կարող է տալ: Հնարավո՞ր է տնտեսության աշխուժացում լինի:
-Արգելելով թուրքական ապրանքների մուտքը ռուսական շուկա՝ հսկայական վակուում է առաջանում, որը կարող է մեր տնտեսավարողների օգտին լինել, մասնավորապես լոլիկի, բանջարեղենի, մրգի արտադրության տեսանկյունից Թուրքիան ռուսական շուկայում հզոր դիրք էր գրավում: Այսօր ջերմոցային տնտեսություն ունեցող մեր ֆերմերները կարող են իրենց արտադրության ծավալները մեծացնել և իրացման խնդիր բացարձակապես չունենալ: Բայց այստեղ մի նրբություն կա. հնարավոր է մեզ համար վտանգ ներկայացնի ստեղծված իրավիճակը: Թուրքական ապրանքի առջև Ռուսաստանի դռները փակվելու դեպքում թուրքական ապրանքը հնարավոր է ողողի հայկական շուկան: Հիմնականում Վրաստանի տարածքով այն կներկրվի Հայաստան, և այստեղ արդեն պետական քաղաքականություն է անհրաժեշտ, որպեսզի մեր արտադրողները մրցունակ լինեն: Գոհունակությամբ պիտի խոսել մեր գերատեսչությունների վերջին տարիների աշխատանքի մասին, փաստելով, որ հայ արտադրողների հնարավորությունները մեծացնելու հիմքեր են ստեղծվել: Նախկինում արտադրական մեծ ծավալ ունեցողները խնդիրների առաջ էին կանգնում, քանի որ ներմուծված ապրանքն ավելի էժան էր: Այսօր աստիճանաբար հաղթահարում ենք դա: Այնպես որ, թուրքական ապրանքների «ներհոսքի» դեպքում, կարծում եմ, հնարավոր քայլեր կձեռնարկվեն, որ հայ արտադրողը չտուժի:
-Իսկ քաղաքականապես ի՞նչ կարող է շահել Հայաստանը այս հակամարտությունից:
-Պատմությունը ցույց է տվել, որ երբ ռուս-թուրքական լարվածություն կամ պատերազմ է լինում, Հայաստանը գրեթե միշտ կորցնողի դերում է: Այս առումով ռիսկային վիճակ է: Բայց Հայաստանն իր պատմության բոլոր ժամանակների համեմատ հիմա լավագույն դիրքում է, ունի անկախ պետականություն, ազդեցիկ բանակ: Սրանք հանգամանքներ են, որոնք միջազգային հանրությունը չի կարող շրջանցել:
-Իսկ Հայաստանը կարողանո՞ւմ է ճիշտ օգտվել ստեղծված իրավիճակից:
-Մեր արտաքին քաղաքականության ոլորտում այս պահին բացթողումներ չեմ տեսնում: Իրավիճակին և արտաքին մարտահրավերներին համարժեք ճշգրիտ քաղաքականություն է իրականացվում: Պատահական չէ, որ վերջերս աշխարհի անվտանգ երկրների դասակարգման ցանկում Հայաստանը տասնյակում էր` լինելով այսպիսի փխրուն, շատ բարդ, պատերազմական վիճակում հայտնված տարածաշրջանում, ինքն էլ լինելով ոչ պատերազմի, ոչ խաղաղության պայմաններում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ